«Հայրենիքի Պաշտպանի Վերականգնողական կենտրոնի հզորացում» ծրագիր
ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը 2017թ․-ից ի վեր համագործակցում է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի հետ, որն այժմ գործում է «Զինվորի Տուն» անունով և տեղակայված է Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում։
Կենտրոնը զինհաշմանդամների համար Հայաստանում առաջին մասնագիտացված վերականգնողական կենտրոնն է, որտեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև զինհաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:
2018 թվականի փետրվարից առ այսօր ՀՕՄ-ի աշխարհասփյուռ միավորների կողմից կազմակերպված դրամահավաքի միջոցով աջակցություն է տրամադրվում կենտրոնի ծրագրերի իրականացմանը:
ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության և աշխարհասփյուռ միավորների համատեղ ջանքերով ամբողջությամբ կահավորվել է վերականգնողական կենտրոնի երրորդ հարկը, տեղադրվել է հակահրդեհային ահազանգման համակարգ, բուժքրոջ կանչի և տեսահսկման համակարգ, օդափոխության և ջեռուցման համակարգեր, կարգավորվող բարձրությամբ ֆունկցիոնալ բժշկական մահճակալներ: Գնվել են հիվանդասենյակների համար անհրաժեշտ լամինատե կահույք, զգեստապահարաններ, անկյունային կախովի դարակներ, հեռուստացույցի տակի պահարաններ, բժշկական փայտե տափչաններ և այլ պարագաներ: Կենտրոնին նվիրաբերվել է նաև Մերսեդես մակնիշի միկրոավտոբուս, որի օգնությամբ կազմակերպվում է կենտրոնում բուժվող վիրավոր զինվորների տեղափոխումը: