Հայ Օգնության Միությունը հիմնադրվել է 1910 թվականի հունվարի 1-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում, երիտասարդ մտավորական և աննկում քաղաքական ու հասարակական գործիչ Խաչատուր Մալումյանի (ծածկանուն` Է. Ակնունի) նախաձեռնությամբ և պաշտոնապես ճանաչվել որպես իր ուրույն կանոնագրությունը ունեցող ինքնավար, ոչ կառավարական և ոչ դավանական, մարդասիրական կազմակերպություն` Հայ Կարմիր Խաչ անունով, որը հետագայում, համասփյուռ իր տարածուն ցանցով և լայնածավալ իր գործունեությամբ ամենուրեք ճանաչվեց որպես ՀՕՄ, որպես Հայ Օգնության Միություն:

Արևմտահայաստանի, Պարսկաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ Հայ Օգնության Միությունը դառնում է հայ իրականության մեջ ամենատարածուն և համահայկական նկարագիր ունեցող առաջին կանանց կազմակերպությունը: 1919 թվականին մասնաճյուղերի թիվն արդեն հասնում էր 54-ի: Նրա էությունը դարձավ հայ կինը` հայ մայրը, ով ապրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և Մեծ Եղեռնի դժոխային պայմաններում իր մեծագույն նպաստը բերեց հայապահպանման ու հայակերտման գործում:

1920 թվականին, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին տարում, հիմնադրվեց Հայաստանի Կարմիր Խաչը, մերօրյա ՀՕՄ-ը, և կարճ ժամանակ անց ստեղծեց իր մասնաճյուղերը Կարսում, Գյումրիում, Վաղարշապատում, Ջալալողլիում, Ղարաքիլիսայում և Իգդիրում: Հայաստանի համար այդ ծանր ու դժվար տարիներին Պոլսի, Արևմտյան Եվրոպայի, Ամերիկայի և Վրաստանի միավորների հետ համատեղ սկսում են օգնություն ցուցաբերել Հայաստանին. բացում են հիվանդանոցներ, բազմաթիվ սննդակայաններ, անթիվ գաղթականների անմիջական ու կենսական կարիքները հոգալու անհրաժեշտ միջոցներ:

Սակայն, Հայաստանի համար բախտորոշ այդ ժամանակաշրջանում, միջազգային քաղաքական աննպաստ իրադարձությունների, ներքին խնդիրների վիճակը անխուսափելի են դարձնում միավորի գործունեության դադարեցումը:

Հայաստանի վերանկախացումը, 1988 թվականի Հայաստանի աղետալի երկրաշարժն ու Արցախի ազատագրական պայքարը հայրենիքը դարձրեցին ՀՕՄ-ի համահայկական ընտանիքի կիզակետը և 1991 թվականին, հունվարի 7-ին հիմնվեց Հայաստանի Հայ Օգնության Միությունը և 1991 թվականի հուլիսի 22-ին պաշտոնապես գրանցվեց: Այսօր բազմաթիվ կամավորներով գործում է Հայաստանի 49 քաղաքներում ու գյուղերում` առաքելություն ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական, ժողովրդավարական պետության ձևավորմանը և քաղաքացիական հասարակության կերտման գործընթացին, օժանդակել սոցիալական, կրթական, առողջապահական և բարեգործական ծրագրերի իրականացմանը:

ՀՕՄ-ը որպես անկախ, համահայկական մարդասիրական միություն, 27 երկրներում գործող իր միավորներով և բազմահազար անդամներով, արդեն դար ավել է, ինչ իրականացնում է բազմաթիվ բարեսիրական ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական, տնտեսական ոլորտներում:

1970 թվականից ի վեր, Հայ Օգնության Միությունը սերտորեն համագործակցում է Միացյալ Ազգերի Կազմակերպության հետ, և որպես ՄԱԿ-ի Տնտեսական ու Սոցիալական Խորհրդի (ECOSOC) անդամ, ու միջազգային մակարդակով գործող ոչ-կառավարական կազմակերպություն, շարունակում է մնալ մարդու իրավունքների, սոցիալական արդարության ու քաղաքակիրթ հասարակության իրականացման կողմնակիցը։

Իր ծնունդով և ուղղությամբ, իր գործունեությամբ ու նպատակով ՀՕՄ-ը եղավ ու մնաց համազգային և դարձավ Հայրենիք-Սփյուռք փոխադարձաբար իրար ամբողջացնող, ամրապնդող ու զարգացնող հզոր կապը:

Facebooktwittergoogle_pluspinterestlinkedinmailFacebooktwittergoogle_pluspinterestlinkedinmailby feather