«Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք»

Հայ Օգնության Միությունը կրկին սահմանի զինվորի կողքին է և իր ներկայությամբ փաստում է, որ մենք ուժեղ ենք, երբ միասին ենք:
Սույն թվականի հունիսի 27-ին Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային Վարչությունը ԼՂՀ Տոնաշենի զորամասում /Եղնիկներ/ իրականացրեց «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» ծրագիրը:


Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային Վարչության ֆինանսավորմամբ Վահե1 և Վահե2 պահակակետերում բացվեցին ցուցանակ-հուշատախտակներ՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկ, ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության Բժշկական հանձնախմբի անդամ Վահե Բաղդասարյանի: Հուշատախտակի բացումը Վահե 1 պահակակետում սկսվեց միասնական աղոթքով, այնուհետև իրենց խոսքը ներկաներին փոխանցեցին ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը, Տոնաշենի զորամասի փոխգնդապետ Հմայակ Նարիմանյանը, Վահե Բաղդասարյանի մարտական ընկեր Կամո Հարությունյանը:

Միջոցառմանը ներկա էին Վահե Բաղդասարյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերները և բազմաթիվ զինվորներ և զինված ուժերի հոգևորականներ: Ներկաներին բաժանվեց Վահե Բաղդասարյանի մասին պատմող տեղեկատվական գրքույկ:


Այնուհետև Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային Վարչության և ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհի շրջանակում միջոցառումը շարունակվեց Տոնաշենի զորամասում: Իր բացման խոսքում ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը, ողջունելով զինվորներին, հավելեց. «Դուք եք որ կերտում եք Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը, և նրա լիիրավ ու իրավատեր քաղաքացի լինելու պատիվը, դուք եք, որ այստեղից զորացրվելուց հետո պետք է նույնքան պատվով ու արիությամբ կերտեք մեր հայրենիքի արժանի քաղաքացի լինելու ձեր կոչումը…»: Իր խոսքը ներկաներին փոխանցեց նաև ՀՀ Նախագահի դրամաշնորհային ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը:

Միջոցառումը մեկնարկեց լուսանկարիչ, ազատամարտիկ Հակոբ Պողոսյանի անհատական ցուցահանդեսով, որը կրում էր «25 տարի անց» խորագիրը: Ցուցահանդեսում ներկայացված էին «Եղնիկների» /Շահումյանի պարտիզանական ջոկատ/ 1990-ականների և մերօրյա հերոս զինծառայողների մոտ 200 լուսանկարներ: Զորամասի զինվորները մեծ ոգևորություն էին ապրում իրենց գտնելով ցուցահանդեսի լուսանկարներում և հնարավորություն ունեին շփվելու և մտքեր փոխանակելու 1990-անաններին նույն սահմանները ազատագրող ու անառիկ պահող հերոսների հետ: Իրենց հայրենասիրական և ազգագրական երգերի կատարումներով զինվորներին մեծ ոգևորություն պարգևեցին Մկրտիչ Մկրտչյանը, երգչուհի Մադլեն Ասրյանը /Արցախի Այա/ և Լեռնային Ղարաբաղի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը:

Ծրագրի շրջանակում զորամասի զինվորներին հանձնվեցին ՀՕՄ-ի կողմից 2015թ.-ից իրականացվող «Նամակ զինվորին» ծրագրի շրջանակում սփյուռքի /ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Հունաստան, Սիրիա, Իրան… / և Հայաստանի /Երևան, Չարենցավան, Հրազդան, Գլաձոր, Բերդ, Վանաձոր, Սիսիան, Գրիբոյեդով, Մյասնիկյան, Շենիկ, Խաչիկ, Աշոցք/ կրթօջախների սաների ձեռքով գրված 751 նամակները՝ ուղղված մեր սահմանները անառիկ պահող հայ զինվորներին: Զինվորներին փոխանցելով նամակները` ՀՕՄ-ուհիները զինծառայողներին ցանկացան պատասխաններ գրել այս նամակները մեծ ոգևորությամբ գրած աշակերտներին, որոնք նույն ոգևորությամբ սպասում են իրենց եղբայրների նամակներին:

Ծրագրի ավարտին ՀՀ կրթության և գիտության ներկայացուցիչ Օֆելյա Գրիգորյանը ներկայացրեց ծառայությունից հետո միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության հնարավորությունները` հորդորելով զինվորներին քաղաքացիական կյանքում լինել նույնքան պատրաստված, համարձակ ու վստահ:
Ծրագիրն ավարտվեց զինվորների և ներկաների խանդավառությամբ և կրկին հանդիպման ակնկալիքով…

Facebooktwittergoogle_pluspinterestlinkedinmailFacebooktwittergoogle_pluspinterestlinkedinmailby feather